Գյումրեցի վետերանները Մոսկվա կմեկնեն նոր հագուստով ու 73 տարվա երազանքով

Հայրենական մեծ պատերազմի մասնակից գյումրեցի վետերանները կմեկնեն Մոսկվա` ներկա գտնվելու հաղթական շքերթին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Մեծ Հայրենականի մասնակից գյումրեցի 17 վետերանից 4-ն այս տարի հնարավորություն ունեն առաջին անգամ հաղթական շքերթը տեսնելու հենց Կարմիր հրապարակից:

Արմենակ Գալոյանը, Անդրեյ Անդրեասյանը, Վարդանուշ Զաքարյանն ու Գաբրիել Սուքիասյանը մայիսի 8-ին կմեկնեն Մոսկվա՝ ներկա գտնվելու հաղթանակի 73-ամյակին նվիրված միջոցառմանը: Վետերանների ՌԴ տեղափոխման, կացության, սննդի և մնացած բոլոր ծախսերն իրականացվում է նորաստեղծ «Եդինստվո ռուսական մշակութային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Ծրագրին աջակցել են ՌԴ հայերի միությունը և ԲՀԿ Գյումրու գրասենյակը:

Ветераны Великой Отечественной войны

Գյումրեցի վետերանները տոնին մասնակցելու համար ՌԴ Հայերի միությունից անհատական հրավերներ են ստացել:

«Վետերաններն այցի շրջանակում ոչ միայն ներկա կգտնվեն Կարմիր հրապարակում նախատեսված շքերթին, այլ նաև հանդիպումներ կունենան ՌԴ հայերի միության անդամների հետ, կմասնակցեն նաև տարբեր մշակութային միջոցառումների»,-նշեց «Եդինստվո ռուսական մշակութային զարգացման կենտրոնի» ղեկավար Էդգար Հովհաննիսյանը՝ շնորհակալություն հայտնելով աջակիցներին ծրագրին միանալու համար:

«Մոսկվայում ես և կինս շատ ենք եղել, բայց առաջին անգամ ենք Մոսկվա գնում շքերթի համար: Սա իրոք 73 տարվա երազանք է»,-նշում է վետերան Անդրեյ Անդրեյանը՝ հպարտությամբ ցույց տալով բոլոր շքանշանները։

Նրա խոսքով` առաջին անգամ է, որ հրավիրել են ու ոչ միայն այդ ծախսերն են հոգում, այլ նաև վետերանների զգեստապահարանն են թարմացրել։

«Ռուսաստանի մայրաքաղաք մեկնում ենք նոր հագուստով»,- ասաց նա:

Արմենակ Գալոյանը նշեց, որ բոլորն էլ մեծ են, բայց այնպիսի առողջություն ունեն, որ կկարողանան Մոսկվա գնալ:

«Սա մեզ համար երազանք է: Գնանք-գանք ու հանգստյան տան մասին մտածենք»,-ավելացրեց նա:

Վետերանները Մոսկվա կմեկնեն մայիսի 8-ին երեկոյան և Հայաստան կվերադառնան մայիսի 10-ին: