ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Համացանցում ինֆորմացիա է տարածվել, որ գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) ապագայում կարող է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում: Այս տեղեկությունները համացանցում տարածվեցին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ գեղասահորդուհին փոխում է իր մարզչին:
Գեղասահքի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց. «Մեդվեդևայի(Բաբասյան) նման գեղասահորդուհի կուզենան իրենց հավաքականի կազմում ունենալ աշխարհի բոլոր երկրները: Սակայն դա այնքան էլ հեշտ գործ չէ: Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու համար նա պետք է լինի մեր հանրապետության քաղաքացի, բացի այդ գեղասահքի Ռուսաստանի ֆեդերացիան պետք է թուլ տա այդ տեղափոխությունը, իսկ հետո էլ այդ գործընթացը հաստատի գեղասահքի միջազգային ֆեդերացիան: Կարճ ասած շատ ժամանակատար պրոցես է»:
Բացի այդ, երկիր փոխելու դեպքում Մեդվեդևան(Բաբասյան) ստիպված կլինի բաց թողնել մեկ մրցաշրջան, ինչը, բնականաբար, քիչ հավանական է և ոչ ձեռնտու հենց մարզուհու համար: