ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. 2017-2018թթ. զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկված 1933 անձ տեղավորվել են աշխատանքի, ևս 11 680-ը աշխատանք են գտել զբաղվածության պետական գործակալության միջնորդությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` ամփոփելով Կարեն Կարապետյանի կառավարման ընթացքում կատարված աշխատանքը։
Գործարկվել են երեխայի ծննդյան միանվագ նպաստների և կենսաթոշակների, հաշմանդամության, մահվան դեպքում տրվող թաղման նպաստների համար առցանց դիմելու ենթահամակարգերը:
Ամսական շուրջ 100 000 ընտանիք ընդգրկվել են նպաստի և եռամսյակային հրատապ օգնության վճարման ցուցակներում և շուրջ 12 009 անձ` ավանդի դիմաց փոխհատուցման վճարման ցուցակներում: Ամսական շուրջ 80 000 ընտանիք օգտվել են գազի, 125 000 ընտանիք` էլեկտրաէներգիայի ծախսի դիմաց նվազ սակագնով վճարելու արտոնությունից:
Բնակարանների գնման վկայագրերի միջոցով կառավարության որոշմամբ ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց «Ձորակ» խնամքի կենտրոնի տարածքում տարիներ շարունակ բնակվող 9 ընտանիքի:
Մայիսի 3-ին կայացած կառավարության նիստում Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ այդ կազմով վերջին նիստն է գումարվում։ Այսօր Կարապետյանի ղեկավարած գործադիր իշխանության վերջին աշխատանքային օրն է։ Վաղը` մայիսի 8-ին, ԱԺ-ում նշանակված են ՀՀ հաջորդ վարչապետի ընտրությունները։ ՀՀ նախարարություններն այսօր հանդես են եկել ոլորտային հաշվետվություններով։