«Մենք պարտավոր ենք շահած դուրս գալ» . նախագահ Սարգսյանը` վարչապետի ընտրության մասին

Արմեն Սարգսյանը համոզված է, որ բոլոր հարցերը հնարավոր է լուծել ազգային համաձայնության ոգով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Վաղը` ապրիլի 8-ին, Ազգային ժողովում տեղի է ունենալու Հայաստանի վարչապետի ընտրության երկրորդ փուլը: Պահը բեկումնային է և պատասխանատու Հայաստանի ապագայի համար: Բոլորս՝ առաջին հերթի քաղաքական պատասխանատուները, ինչպես նաև մեր ողջ ժողովուրդը Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, պետք է այս գիտակցումով գնահատենք իրավիճակը և կատարենք մեր քայլերը: Այս մասին նշված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում։

«Եթե ուզում ենք այս վիճակից դուրս գալ շահած,- իսկ մենք պարտավոր ենք շահած դուրս գալ,- խնամքով պետք է հունի մեջ դնենք այն վիթխարի եռանդը, որ մեր հասարակությունը կուտակել է այս օրերին, և պահպանենք այն վարկը, որ Հայաստանը համաժողովրդական շարժման շնորհիվ ձեռք է բերել միջազգային հանրության առջև»,- նշել է նախագահը:

Սարգսյանն ակնկալում է, որ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը որոշումներ ընդունելիս կդրսևորեն առավելագույն խոհեմություն և հեռատեսություն և կառաջնորդվեն հասարակության բարօրության ու համազգային շահերով:

«Համոզված եմ, որ բոլոր հարցերը հնարավոր է լուծել ազգային համաձայնության ոգով: Մեր ժողովուրդն այս է սպասում իր քաղաքական պատասխանատուներից:

Վստահ եմ, որ հանրօգուտ լուծման շնորհիվ Հայաստանում կստեղծվի հանրային վստահության մթնոլորտ, և մեր քաղաքացիները, համայն հայության հետ միասին, կլծվեն Մայր Հայրենիքի վերաշինման գործին։ Ուրեմն ի գործ՝ հանուն Նոր Հայաստանի»,- եզրափակել է Սարգսյանը։

Փաշինյանը կդառնա Հայաստանի վարչապետ, իսկ խաղը հետո կսկսվի. քաղտեխնոլոգ

Մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի կունենա ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլը: ՀՀ վարչապետի միակ թեկնածուն «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է:

Համաձայն ՀՀ Մայր օրենքի՝ եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ երկրորդ անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: