ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Ի՞նչ էին անում հայերը, երբ չէին փակում ճանապարհներն ու ցույցեր չէին անում։ Նրանք հեղափոխության հետ անհամատեղելի գործով էին զբաղվում` պարում էին: Այսպես է ներկայացնում իր երևանյան տպավորությունները Washington Post-ի թղթակից Էմի Ֆերիս-Ռոթմանը։
Հոդվածում նա գրում է. «Մարդաշատ փողոցներում մեքենաներից ժողովրդական երաժշտություն էր հնչում։ Փողոցներից շատերում պարբերաբար պարողների խմբեր էին հայտվում։ Հաճախ հայկական քոչարի էին պարում։
Հեղափոխական կատարումները պարերով չէին սահմանափակվում։ Օրերս մի քանի ջութակահար ու թավջութակահար փակել էին մշակույթի նախարարության մուտքն ու Կոմիտասի մեղեդիներից էին նվագում։ Նրանց կողքին խամաճիկներով ներկայացում էին խաղում՝ ծաղրելով քաղաքական գործիչներին։ Հենց նույն օրը նախարարը հրաժարական տվեց»։
Հեղինակը նշում է, որ պարելիս հայերն իրենց ավելի ուժեղ են զգում։ Պարն ասես կապում է երկիրն ու աշխարասփյուռ հայությանը։ Հայկական պարային համույթները պարբերաբար ելույթներ են ունենում միջազգային հարթակներում՝ սկսած Լոս Անջելեսից մինչև Մոսկվա, իսկ պարային բարդ ծրագրերն ավանդական հայկական հարսանիքների մի մասն են կազմում։
«Մենք հայ ենք։ Մենք պարում ենք ուրախ ժամանակ», — ասում է The Washington Post-ին 24-ամյա ուսանողուհի Սոնան։
«Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է», — այսպես էր ասել իր հրաժարականում Սերժ Սարգսյանը։ Հոդվածի հեղինակը նշում է, որ հետխորհրդային տարածքում այդպիսի խոսքեր հաճախ չես լսի։
Քաղաքը դեռ լուռ է՝ մինչ մայիսի 8-ը, երբ խորհրդարանը նոր վարչապետ կընտրի։ Ցուցարարները ուժ են հավաքում՝ մեկ էլ տեսար պետք եկավ։