«Լեոնտևներն» ու «յուրևները» պատասխան կտան հայ ժողովրդին ուղղված յուրաքանչյուր խոսքի համար

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը պնդում է, որ հայ-ռուսական բարեկամության ու դաշնակցային հարաբերություններին վնասելու փորձն անպատիժ չի մնա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Միխայիլ Լեոնտևն ու Միխայիլ Յուրևը ստիպված կլինեն պատասխան տալ իրենց արտահայտությունների համար։ Այս մասին նշված է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

Հայատանում տեղի ունեցող իրադարձությունները շարունակում են աշխարհի, մասնավորապես՝ դաշնակից Ռուսաստանի ուշադրության կենտրոնում մնալ։ ՌԴ պաշտոնական դիրքորոշումը հստակ ու զուսպ էր։

Ռուսաստանի հայերի միությունը դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազությանը

«Չնայած դրան, ռուս հասակարության որոշ ներկայացուցիչներ, հասկանալի է՝ ինչ կողմերի աջակցությամբ, որոշել են գռեհիկ կերպով աղավաղել մեր երկրի ներքաղաքական իրադարձությունների էությունն ու ներկայացնել դրանք իրենց համար «լիովին շահավետ» կերպով՝ այսպիսով սեպ խրելով Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների միջև։

Միխայիլ Լեոնտևն ու Միխայիլ Յուրևը, որոնք սխալմամբ իրենց հայ-ռուսական հարաբերությունների փորձագետ են համարում, իրենց խոսքում ոչ միայն հատել են թույլատրելիի սահմանը, այլև հանդգնել են ցինիկ ու վիրավորական արտահայտություններով խոսել մի ամբողջ ժողովրդի ու հայ-ռուսական հարաբերությունների մասին։

Մենք այդ խոսքերը գնահատում ենք որպես հայ ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանելու ու հայ-ռուսական բարեկամության ու երկու երկրների դաշնակցային հարաբերությունները վնասելու փորձ։

Անկասկած, կարելի է բոլոր այդ արտահայտություններին նույնքան անտաշ պատասխան տալ՝ էլ ավելի վիրավորական արտահայտություններ օգտագործելով, բայց, բարեբախտաբար, մենք «լեոնտևներ» ու «յուրևներ» չենք, որոնք դեռ պատասխան են տալու հայ ժողովրդի հասցեին ասված ամեն բառի համար։ Համոզված ենք, որ մեր ռուս գործընկերներն ու ՌԴ համապատասխան մարմինները, ուր արդեն դիմել ենք, այդ արտահայտություններին լիարժեք ու օբյեկտիվ գնահատական կտան», — նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին ու մայիսի 3-ին «Ռոստնեֆտի» փոխտնօրեն, քաղաքական վերլուծաբան Միխայիլ Լեոնտևն ու հաղորդավար Միխայիլ Յուրևը չափազանց տգեղ կերպով անդրադարձել էին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում։ Ռուսաստանի հայերի միությունը արձագանքել է հնչած վիրավորանքներին ու դիմել ՌԴ Գլխավոր դատախազություն, մասնավորապես այն պատճառով, որ գնահատականները վերաբերում էին ոչ միայն բողոքի շարժմանը, այլ ընդհանրապես Հայաստանին ու հայերին։