ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազությանը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հնչած այն արտահայտությունների կապակցությամբ, որոնք վերաբերել են Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին։
ՌՀՄ-ում խորապես վրդովված են Հայաստանի ու հայերի մասին ցինիկ արտահայտություններից, որոնք հնչել են 2018թ-ի ապրիլի 26-ին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում Միխայիլ Լեոնտևի, Իլյա Սավելևի և Միխայիլ Յուրևի մասնակցությամբ հաղորդման ընթացքում։
ՌՀՄ-ի հայտարարությունում նշվում է, որ հաղորդման հյուրերն անցել են լրագրողական և մարդկային էթիկայի, իրավական և քաղաքացիական պատասխանատվության բոլոր սահմանները։
«Նրանց արարքն ամենից առաջ պետք է գնահատվի այն տեսանկյունից, թե ինչ վնաս են հասցնում Ռուսաստանի շահերին, ինչպես ազգային անվտանգության ոլորտում, այնպես էլ արտաքին քաղաքական», — նշված է հայտարարությունում։
Ռուսաստանի հայերի միությունը՝ որպես խոշորագույն համառուսական հասարակական կազմակերպություն, որը ներկայացնում և միավորում է Ռուսաստանի հայկական սփյուռքը, կհասնի վերոհիշյալ հաղորդման մեջ ներգրավված անձանց գործողությունների պատշաճ գնահատականին՝ ռուսական օրենսդրությամբ ծայրահեղականության դեմ պայքարի տեսանկյունից այդ գործողությունների պատասխանատվության առումով, որոնք հանգեցնում են բռնության և ազգամիջյան ատելության:
ՌՀՄ-ն համապատասխան դիմում է ուղարկել նաև Ռուսաստանի նախագահին և «Կոմսոլոմլսկայա պրավդայի» գլխավոր տնօրենին։