ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — sputnik. Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Լոնդոնի «Արսենալը», այսօր հրաժեշտ էր տալիս իր հարազատ մարզչին և այդ կապակցությամբ նրան հրաշալի նվեր արեցին: Անգլիայի առաջնության 37-րդ տուրի խաղում սեփական դաշտում 5:0 հաշվով ջախջախեցին «Բարնլիին»:
Հաղթողների կազմում երկու գոլ խփեց գաբոնցի Պիեր-Էրիկ Օբամեյանգը, մեկական՝ Լյակազետը, Կոլաշինացը և Իվոբին: Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ողջ խաղին, սակայն աչքի չընկավ արդյունավետ գործողությամբ:
Այդպիսով, «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, որը մրցաշրջանի ավարտից հետո հրաժարական է տալու, մեծ տպավորություններով հրաժեշտ տվեց ակումբի «Էմիրեյթս» մարզադաշտին, քանի որ սա նրա վերջին խաղն էր սեփական դաշտում:
Խաղի վերջում նրան փոքր ոսկե գավաթ շնորհեցին: Նա խաղադաշտում շնորհակալություն հայտնեց իր ղեկավարած թիմի երկրպագուներին և խնդրեց շարունակել սատարել նրանց:
«Իհարկե, Վենգերի հեռանալու պատճառներից են վերջին մի քանի սեզոնի հիասթափությունները: Բայց այսօր երկար ժամանակից հետո առաջին անգամ «Արսենալի» երկրպագուները խոստովանեցին, որ դրականն ավելի շատ է եղել, քան բացասականը: Տասնյակ հազարավոր երկրպագուներ խաղին ներկայացել էին «Շնորհակալություն, Արսեն» գրառմամբ շապիկներով»,- գրում է բրիտանական Telegraph-ը:
Վերջին անգամ Վենգերն իր թիմը խաղադաշտ դուրս կբերի մեկ շաբաթ հետո «Հադերսֆիլդի» դեմ: Բայց հենց սեփական դաշտում էին երկրպագուները ցանկացել իրենց երախտագիտությունը հայտնել նրան:
Վենգերն ակումբը ղեկավարեց 22 տարի, երեք անգամ կարողացավ հաղթել Պրեմիեր լիգայի առաջնությունում և յոթ անգամ նվաճել Անգլիայի գավաթը, իսկ 2006 թվականին դուրս եկավ Չեմպիոնների լիգա: