Զինվորի մահվան դեպքով քննչական կոմիտեն գործ է հարուցել՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով

Զինծառայող Լևոն Թորոսյանի դին հայտնաբերվել էր այսօր, ժամը 07:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում` ծնոտի ստորին և գլխի գագաթային շրջաններում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում այս պահին քննություն է տարվում՝ ժամկետային զինծառայող, շարքային Լևոն Արսենի Թորոսյանի մահվան հանգամանքները պարզելու համար:

Հայաստանի զորամասերից մեկում զինծառայողի դի է հայտնաբերվել

Զինծառայող Լևոն Թորոսյանի դին հայտնաբերվել էր այսօր, ժամը 07:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում` ծնոտի ստորին և գլխի գագաթային շրջաններում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով (ծնոտի շրջանում հրազենային վնասվածքը մուտքային է, իսկ գագաթային հատվածում` ելքային):

Վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր վարկածներն ստուգելու ուղղությամբ: