ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի, Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որևէ փաստ չունի, որ Շիրակը ներգրավված է եղել կոռուպցիոն գործընթացներում, և Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումն ապօրինի է։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը Facebook-ի պաշտոնական էջում` անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ակումբին 12 միավոր և 7մլն ՀՀ դրամով տուգանելու որոշմանը, որը ֆեդերացիան հիմնավորել է նրանով, թե Ակումբը «Բանանց» թիմի ֆուտբոլիստին՝ խաղի ելքի վրա ազդելու առաջարկ է արել։
«Ակումբը ձեռնամուխ կլինի իր իրավունքների պաշտպանությանը և կձեռնարկի բոլոր իրավական միջոցները ապօրինի որոշումը չեղարկելու, և Շիրակ ֆուտբոլային ակումբի բարի համբավը վերականգնելու համար»,- նշված է հայտարարության մեջ։
Ակումբի ղեկավարությունը նաև զգուշացրել է` եթե ՀՖՖ-ն բողոքարկման ընթացքում ապօրինաբար կիրառի սույն որոշումը, ապա Շիրակ ֆուտբոլային ակումբը՝ բոլոր թիմերով, պարտադրված կլինի լքել բոլոր առաջնությունները։
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն մայիսի 5-ին կայացած նիստում քննարկել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի աշխատակից Արարատ Հարությունյանի կողմից «Բանանցի» պաշտպան Էդվարդ Կպոդոյի հետ պայմանավորված խաղ անցկացնելու փորձն ու ցմահ որակազրկել Հարությունյանին։
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության թվով 27-րդ տուրում Գյումրու «Շիրակն» այսօր` մայիսի 5-ին, մրցակցի հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Բանանցին» ու առաջնության ավարտից երեք տուր առաջ պահպանեց առաջատարի դիրքը` երեք միավորի առավելություն ունենալով գործող չեմպիոն «Ալաշկերտի» նկատմամբ:
Բայց հանդիպման ավարտից հետո բոլորին հայտնի դարձավ ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշման մասին, ըստ որի` «Շիրակի» աշխատակից Արարատ Հարությունյանը հանդիպման արդյունքի հետ կապված փորձել է նախնական պայմանավորվածության գալ «Բանանց» ՖԱ-ի պաշտպան Էդվարդ Կպոդոյի հետ: Վերջինս այդ մասին տեղեկացրել է երևանյան ակումբի ղեկավարներին:
«Բանանցը» ՀՖՖ է ներկայացրել Արարատ Հարությունյանի ու Էդվարդ Կպոդոյի միջև կայացած հեռախոսազրույցների ձայնագրություններն ու էլեկտրոնային նամակների պատճեները: Այսպիսով հիմք ընդունելով բոլոր հայտարարություններն ու ներկայացված փաստաթղթերը` ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն անհերքելի փաստերի պարագայում կայացրել է որոշում, ըստ որի` Արարատ Հարությունյանը այլևս իրավունք չունի զբաղվելու ֆուտբոլային գործունությամբ, իսկ «Շիրակ» թիմի արդյունքից հանվել է 12 միավոր:
Ստացվում է, որ բարձրագույն խմբի առաջնության առաջատարը դառնում է «Ալաշկերտը» որն ունի 45 միավոր, իսկ «Շիրակն» արդեն 36 միավորներով նահանջում է չորրորդ հորիզոնական: Ցավալի է, որ նման երևույթները ներթափանցում են հայկական ֆուտբոլ: Պայմանավորված խաղերի դեմ պայքարը շարունակում է մնալ ֆուտբոլային գերատեսչության ռազմավարական ուղղությունը: Իսկ «Շիրակի» համար կրկնակի ցավալի է, որ չեմպիոնական տիտղոսին հավակնող թիմն այժմ արդեն կարող է ընդհանրապես զրկվել Հայաստանը եվրոպական մրցասպարեզում ներկայացնելու հնարավորությունից: