ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Ընդդիմադիր շարժման առաջորդ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի միջոցով մեկ անգամ ևս հիշեցրել է օգտատերերին, որ վաղը` մայիսի 7-ին, ժամը 20։00-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայան կժամանի աշխարհահռչակ հայազգի երաժիշտ Սերժ Թանկյանը։ Այս մասին Փաշինյանը երեկ Facebook–ի իր պաշտոնական էջում առանձին գրառում էր արել։
Նա այսօր տեղեկացրել է, որ անձամբ պատրաստվում է դիմավորել երաժշտին և այնուհետև նրան ուղեկցել Հանրապետության հրապարակ, որտեղ իրենք առանձին ելույթներ կունենան։
«Ինքնաթիռի վայրէջքը նախատեսված է 20։05-ին և կարծում եմ` 21։00-ին մենք կլինենք հրապարակում, որտեղ կարճ ելույթով հանդես կգանք ես ու Սերժ Թանկյանը, հաջորդ օրվա անելիքները կպլանավորենք»,- հայտնել է պատգամավորը։
Նաև նաև հրավիրել է բոլոր ցանկացողներին միանալ իրեն և միասին դիմավորել Թանկյանին` ըստ պատշաճի, ուրախ ու հանդիսավոր, որպեսզի այդ օրը թե նրա և թե բոլորի համար տոնի վերածվի։