Պետական պահպանության ծառայությունը ջիպե՞ր է տրամադրել Փաշինյանին

Նշվում է նաև, որ ԱԱԾ-ի խորհրդով թիկնապահներ են տրամադրվել Նիկոլ Փաշինյանի կնոջն ու երեխաներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Նիկոլ Փաշինյանի գործընկեր, պատգամավոր Արարատ Միրզոյանը չմեկնաբանեց լուրերն այն մասին, թե վարչապետի թեկնածուի պաշտոնին հավակնող Նիկոլ Փաշինյանին երկու ամենագնաց մեքենաներ են տրամադրել` անվտանգության ապահովման նկատառումներով։

Նախօրեին հայկական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ուժեղացրել է իր անվտանգությունը, թիկնապահներով է շրջում, քանի որ ֆիզիկական անվտանգության հետ կապված մտավախություն ունի:

Ի՞նչն է միավորում Նիկոլ Փաշինյանին ու Հայաստանը․ ներկայացնում է աստղագուշակը

Հրապարակումներում նշվում է, որ թիկնապահները նրան տրամադրել է Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը՝ Կրակեմ Հրաչը:

Ըստ լուրերի` թիկնապահների հետ մեկտեղ ՊՊԾ-ն Փաշինյանին նաև հատուկ ամենագնացներ՝ ջիպեր է տրամադրել, որոնցով էլ նա շրջում է, մուտք գործում Ազգային ժողովի տարածք ու կայանում ԱԺ նախագահի մեքենաների համար հատկացված տարածքում:

Որոշ տեղեկությունների համաձայն` Փաշինյանին իբրև տրամադրվել է UU 01 սերիայով մեկ Lexus LX 570 մոդելի ամենագնաց և մեկ Toyota Land Cruiser Prado տեսակի ամենագնաց, որն ուղեկցում է Lexus-ին: Ենթադրվում է, որ Փաշինյանին տրամադրված մեքենան զրահապատ է:

Նշվում է նաև, որ ԱԱԾ-ի խորհրդով թիկնապահներ են տրամադրվել Նիկոլ Փաշինյանի կնոջն ու երեխաներին:

Sputnik Արմենիայի թղթակիցը տարածված լուրերի հավաստիությունը պարզելու նպատակով փորձեց կապ հաստատել Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր։