Տեր-Պետրոսյանը ճիշտ է, ես ավելի ճիշտ եմ. սահմանադրականից զատ, կա խնդրի բարոյական կողմը

Աղվան Վարդանյանը նաև նշել է, թե տեղյակ է, որ կարող է չվերահաստատել ԱԺ նախագահին գրած դիմումն ու մնալ պատգամավոր։ Բայց այդպես չի վարվի:
Sputnik

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով պատգամավորական մանդատից հրաժարվելու, ինչպես նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե Սահմանադրության համաձայն պատգամավորն առաջնորդվում է իր խղճով և համոզմունքով, և նրան պարտադրել այս կամ այն որոշումը հակասահմանադրական է, նշել է, որ դա իր որոշումն է:

Նա հայտարարություն է տարածել, որում էլ ներկայացրել է իր դիտարկումները՝ կապած տեղի ունեցածի հետ:

«Մայիսի 1-ից օրեր առաջ լրագրողները պարբերաբար հարցնում էին՝ ինչպե՞ս եք քվեարկելու։ Միշտ պատասխանել եմ՝ բացեք ՀՀ Սահմանադրության 94 հոդվածը։ Քվեարկելու եմ խղճով ու համոզմունքներով։ Ասածս հրապարակված է։

Աղվան Վարդանյանին հեռացրին Դաշնակցությունից. նա այլևս «ընկեր» չէ

Այնպես որ, Լևոն Տեր-Պետրոսյանի հիշեցրածը գիտեմ։ Բայց ես ինքս եմ ելույթում հայտարարել, որ պատրաստ եմ վայր դնել մանդատս, ինչը և հաջողությամբ արել եմ»,- նշված է հայտարարության մեջ։

Աղվան Վարդանյանը նաև նշել է, թե տեղյակ է, որ կարող է չվերահաստատել ԱԺ նախագահին գրած դիմումն ու մնալ պատգամավոր։ Բայց այդպես չի վարվի, քանի որ սահմանադրականից զատ, կա խնդրի բարոյական կողմը։

«Այո, Տեր-Պետրոսյանը ճիշտ է։ Բայց ես ավելի ճիշտ եմ»,- իր հայտարարությունը եզրափակել է նախկին պատգամավորը։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին կայացած ՀՀ վարչապետի ընտրության քվեարկության ժամանակ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը` անտեսելով կուսակցության որոշումը, դեմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ Դրանից հետո ՀՅԴ խմբակցությունը պահանջել էր նրանից վայր դնել մանդատը։