Սկանդալ հայկական ֆուտբոլում. Արարատ Հարությունյանը ցմահ որակազրկվեց

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի աշխատակիցն առաջարկել է պայմանավորված խաղ կազմակերպել, ինչն ավարտվել է ցմահ որակազրկմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն մայիսի 5-ին կայացած նիստում քննարկել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի աշխատակից Արարատ Հարությունյանի կողմից «Բանանցի» պաշտպան Էդվարդ Կպոդոյի հետ պայմանավորված խաղ անցկացնելու փորձն ու ցմահ որակազրկել Հարությունյանին։

Հույսը բրոնզն է. հայ ըմբիշները պարտվեցին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության թվով 27-րդ տուրում Գյումրու «Շիրակն» այսօր` մայիսի 5-ին, մրցակցի հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Բանանցին» ու առաջնության ավարտից երեք տուր առաջ պահպանեց առաջատարի դիրքը` երեք միավորի առավելություն ունենալով գործող չեմպիոն «Ալաշկերտի» նկատմամբ:

Բայց հանդիպման ավարտից հետո բոլորին հայտնի դարձավ ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշման մասին, ըստ որի` «Շիրակի» աշխատակից Արարատ Հարությունյանը հանդիպման արդյունքի հետ կապված փորձել է նախնական պայմանավորվածության գալ «Բանանց» ՖԱ-ի պաշտպան Էդվարդ Կպոդոյի հետ: Վերջինս այդ մասին տեղեկացրել է երևանյան ակումբի ղեկավարներին:

«Բանանցը» ՀՖՖ է ներկայացրել Արարատ Հարությունյանի ու Էդվարդ Կպոդոյի միջև կայացած հեռախոսազրույցների ձայնագրություններն ու էլեկտրոնային նամակների պատճեները: Այսպիսով հիմք ընդունելով բոլոր հայտարարություններն ու ներկայացված փաստաթղթերը` ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն անհերքելի փաստերի պարագայում կայացրել է որոշում, ըստ որի` Արարատ Հարությունյանը այլևս իրավունք չունի զբաղվելու ֆուտբոլային գործունությամբ, իսկ «Շիրակ» թիմի արդյունքից հանվել է 12 միավոր:

Ստացվում է, որ բարձրագույն խմբի առաջնության առաջատարը դառնում է «Ալաշկերտը» որն ունի 45 միավոր, իսկ «Շիրակն» արդեն 36 միավորներով նահանջում է չորրորդ հորիզոնական: Ցավալի է, որ նման երևույթները ներթափանցում են հայկական ֆուտբոլ: Պայմանավորված խաղերի դեմ պայքարը շարունակում է մնալ ֆուտբոլային գերատեսչության ռազմավարական ուղղությունը: Իսկ «Շիրակի» համար կրկնակի ցավալի է, որ չեմպիոնական տիտղոսին հավակնող թիմն այժմ արդեն կարող է ընդհանրապես զրկվել Հայաստանը եվրոպական մրցասպարեզում ներկայացնելու հնարավորությունից: