Նիկոլ Փաշինյանն ասաց` որ դեպքում կհրաժարվի վարչապետի պաշտոնից

«Իմ քայլը» շարժման առաջնորդ և ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոսել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Իրադարձությունների զարգացման մի քանի սցենար կա, և արտահերթ ընտրությունները կախված են իրավիճակից, այսօր մշակույթի գործիչների հետ հանդիպումից հետո լրագրողերին ասաց «Ելք» խմբակցության» ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

«Վարչապետ ընտրվելու պարագայում, եթե տեսնեմ, որ կան ժողովրդավարական, լեգիտիմ, թափանցիկ ընտրություններ անցկացնելու լիարժեք պայմաններ, այո՛, ես կհրաժարվեմ վարչապետի պաշտոնից»,- նշեց նա։

Թե ինչպիսին կլինի ապագա կառավարության կազմը, առայժմ հստակ չէ։

«Այս պահին որևէ բան չեմ կարող ասել։ Կան կառավարության կազմի մի քանի տարբերակներ։ Պարզ կլինի քաղաքական իրավիճակից։ Մենք կարձանագրենք քաղաքային իրավիճակը և դրա վրա հենվելով` կփորձենք համաձայնության գալ»,- նշեց Փաշինյանը։

Փաշինյանը Սերժ Սարգսյանի կարկառուն կադրին կթողնի՞ պաշտոնին

Նրա խոսքով` կառավարությունն ի վերջո անցողիկ է, իսկ հեղափոխությունն ու դրա արդյունքները պատմական նշանակություն ունեն, որոնք պետք է իրենց ներկայությունն ապահովեն երկար տարիներ։

«Սա սիրո և համերաշխության հեղափոխություն է։ Նաև մշակութային քաղաքականությունը պետք է հետապնդի այդ քաղաքականությունը, որ առաջիկա հարյուրամյակներում սիրո և համերաշխության ոգին լինի Հայաստանում։ Ի վերջո, ժամանակավոր կառավարությունը կարող է որոշակի հիմքեր դնել, որոնք կարող են մնայուն լինել»,- ասել է Փաշինյանը։

ԱԺ-ն արձակելու ու նոր ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանը 2 անգամ տապալի վարչապետի ընտրությունները։

«Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»,- ասված է մայր օրենքի համապատասխան հոդվածում։

Այս դեպքում ԱԺ-ն արձակելու համար անհրաժեշտ կլինի ևս 2 շաբաթ`ապրիլի 30-ից հետո։ Նոր ԱԺ ընտրելու հաջորդ տարբերակը կառավարության ծրագիրը մերժելն է։ Այս դեպքում խորհրդարանը պետք է ընտրի վարչապետին, սպասի նրա կառավարության ձևավորմանն ու ծրագրի ներկայացմանը և չհաստատի այն։ Այսինքն` ամենաուշը ապրիլի 30-ից հետո ԱԺ-ն պետք է վարչապետ ընտրի առաջադրված թեկնածուին։ Նոր վարչապետը տասնհինգօրյա ժամկետում կազմավորում է նոր կառավարություն։ Դրանից հետո առավելագույնը 20 օրում վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը:Սահմանադրության 151 հոդվածով` եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Այս դեպքում Ազգային ժողովն արձակելը կտևի ապրիլի 30-ից հետո առավելագույնը 35 օր։