Բացառապես Հայաստանի ներքին հարցերն են. Ռուսաստանի դեսպանատան հայտարարությունը

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները բացառապես երկրի ներքին հարցերն են, հայտարարել են Երևանում ՌԴ դեսպանատանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Ռուսաստանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Ռուսաստանի առանձին քաղաքացիների և անձանց հնչեցրած արտահայտությունների հետ։

«Հիշեցնում ենք, որ վերջին շաբաթներին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները բացառապես Հայաստանի և ՀՀ քաղաքացիների ներքին հարցերն են», — նշված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերություններ պահելու և կառուցելու գործում Երևանում Ռուսաստանի դեսպանատունը չի հիմնվում առանձին անձանց մասնավոր կարծիքների վրա, այլ առաջնորդվում է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի և ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարություններով։

Նախօրեին Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը երկկողմանի հարաբերությունների ոլորտում անշեղորեն միտված է շարունակելու հայ գործընկերների հետ դաշնակցային փոխգործակցությունն ու ինտեգրացիոն համագործակցությունը։ Պեսկովի հայտարարությունում ասվում է, որ Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններն անփոփոխ կմնան ներկա քաղաքական իրավիճակի ցանկացած լուծման դեպքում։