Ինչու՞ է Մեդվեդևա-Բաբասյանը հեռացել մարզչից. երկու հաղթող նույն մարզչի մոտ չեն լինում

Հանրահայտ գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևան որոշել է հեռանալ իր մարզչից, և այդ որոշումը բազմաթիվ մեկնաբանությունների առիթ է դարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Առաջնորդի հատկություններով օժտված և միշտ հաղթելու պատրաստ երկու գեղասահորդները չեն կարող խաղաղ գոյակցել նույն մարզչի թիմում, հայտարարել է հայտնի ռուս գեղասահորդ, օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Յագուդինը` մեկնաբանելով գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևայի՝ մարզչից հեռանալու որոշումը։

Հիշեցնենք` նախօրեին հայտնի է դարձել, որ 2018թ-ի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան որոշել է լքել մարզիչ Էթերի Տուտբերիձեին։

Յագուդինը նույնպես բախվել է նման իրավիճակի, երբ Ալեքսեյ Միշինի թիմից տեղափոխվել է Տատյանա Տարասովայի մոտ։

«Ես նախկինում էլ եմ ասել, որ հաղթելու պատրաստ երկու մարզիկները չեն կարող հարմարվել մի մարզչի մոտ, որքան էլ նա փորձի ամեն ինչ ճիշտ անել։ Ես դատում եմ` ելնելով այն իրավիճակից, որը եղել է Պլյուշչենկոյի և Միշինի հետ. կարելի է միասին մարզվել, բայց ինչ-որ մեկն ամեն դեպքում հոգեբանորեն ճնշված կլինի», — ընդգծել է մարզիկը։

Նա ասել է, որ ամեն դեպքում կարելի է ողջունել Մեդվեդևայի որոշումը, որը նույնպիսի առաջնորդ է կանանց գեղասահքում, ինչպիսին օլիմպիական չեմպիոն Զագիտովան է՝ Տուտբերիձեի թիմի մեկ այլ ուժեղ գեղասահորդուհին։

Եվգենյա Մեդվեդևայի (հոր կողմից՝ Բաբասյան) մայրը՝ Ժաննա Մեդվեդևան, չի մեկնաբանել դստեր որոշումը։

Կյանքը սպորտից դուրս. առանց ինչի չի կարող ապրել Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը

«Ես ոչինչ չեմ մեկնաբանում, ներեցեք», — պատասխանել է Ժաննա Մեդվեդևան ռուս լրագրողների հարցերին։

Հայտնի մարզիչ Ալեքսեյ Միշինը մեկնաբանել է Մեդվեդևայի որոշումը։

«Բաժանություններ եղել են, կան և կլինեն։ Մարզիկների տեղափոխություններ եղել են, կան և կլինեն։ Ավելի լավ չես ասի։ Կյանքը ցույց կտա` դա առաջ գնալու քայլ էր, թե ոչ», — ասել է նա։
Էթերի Տուտբերիձեն մարզել է տաղանդավոր գեղասահորդներից շատերին։ Նա պատանիներին մարզելու մասնագետ է։ Էթերին և նրա թիմն աշխատել են Յուլյա Լիպնիցկայայի, Եվգենյա Մեդվեդևայի, Ալինա Զագիտովայի հետ, որոնց փոխարինելու են գալիս Ալեքսանդր Տրուսովան, Աննա Շչերբակովան։