Սևակ Խանաղյանն առանց ապարանջանի բեմ դուրս չի գա

«Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը մրցույթի կազմակերպիչներին պատմել է, թե որն է իր հաջողության թալիսմանը, և ինչպես է նա պատրաստվում բեմ դուրս գալուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. «Եվրատեսիլ 2018»-ի հայ մասնակից Սևակ Խանաղյանի թալիսմանը ապարանջանն է, որը նա միշտ կրում է բեմում ելույթ ունենալիս։ Այդ մասին արտիստը պատմել է՝ պատասխանելով երգի միջազգային մրցույթի կազմակերպիչների հարցերին։

Բեմ բարձրանալուց առաջ նա փորձում է հանգստություն պահպանել և ոչ մի բանի մասին չմտածել։

«Հիմա իմ բոլոր սպասումները կապված են «Եվրատեսիլի», մրցույթում լավ ելույթ ունենալու հետ։ Ես մտածում եմ միայն այդ մասին», — խոստովանել է երգիչը։

Սևակը նաև ասել է, որ չի կարող ապրել առանց որդու և երաժշտության։

«Երբեք չեմ մտածել ինչ-որ այլ բանով զբաղվելու մասին, որովհետև երաժշտությունն ինձ համար կյանքի իմաստ է»,- նշել է երգիչը։

Մրցույթի կազմակերպիչները հետաքրքրվել են նաև, թե Qami երգի որ տողերն են նրան ամենից շատ դուր գալիս։

«Տուր ինձ թևեր, որ թռչեմ վերև», — նշել է Սևակը։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» 63-րդ երաժշտական մրցույթն առաջին անգամ կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ Կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 8-ին և 10-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 12-ին։