ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի հավաքականի կազմում այսօր մրցագորգ դուրս եկած բոլոր ըմբիշներն էլ պարտություն կրեցին` զրկվելով ոսկե ու արծաթե մեդալի համար պայքարից:
Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ավարտին է մոտենում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Երեկ հինգ քաշային կարգում մրցագորգ դուրս եկած մեր հավաքականի ըմբիշներից միայն Վալտեր Մարգարյանն ու Միհրան Ջաբուրյանը հնարավորություն ստացան մասնակցելու սփոփիչ գոտեմարտերի ու շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար: 70կգ քաշային Վալտեր Մարգարյանը պարտվեց ուկրաինացի Անդրեյ Կվյատկովսկուն ու դուրս մնաց պայքարից, իսկ ահա 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը սփոփիչ գոտեմարտում հաղթեց բուլղարացի Միխայ Սալիմ Նաիմին ու բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցելու է բելառուս Վլադիսլավ Անդրեևի հետ:
Այսօր Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում պայքարի մեջ մտան Գարիկ Բարսեղյանը, Գրիգոր Գրիգորյանը, Մարզպետ Գալստյանը, Շամիր Աթյանը: Նախապես մրցաշարին հայտավորված գերծանր քաշային կարգում Լևան Բերիանիձեն հիվանդության պատճառով չի կարողացել մասնակցել Եվրոպայի առաջնությանը:
61 կգ քաշային կարգում Գարիկ Բարսեղյանը առաջին գոտեմարտում պարտվել է թուրք՝ Ռեջեպ Թոպալին 2:13,74 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը հեռացել է գորգից բուլղարացի Ալի Փաշա Ումարփաշաևին 3:13 հաշվով պարտվելուց հետո, 86 կգ քաշային կարգում Մարզպետ Գալստյանը զիջել է թուրք Ֆաթիհ Էրդինին 2:6:
92 կգ քաշային կարգում Շամիր Աթյանը 1/8 եզրափակիչում շվեդ Ալբին Ֆրիֆի նկատմամբ մաքուր հաղթանակ տոնելուց հետո, քառորդ եզրափակիչում պարտվեց վրացի Իրակլի Մցիտուրիին 0:3: