Վարորդների հետ հաշվեհարդար չեն տեսնում. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հերքում է

Բողոքի ցույցերի ժամանակ ոստիկաններին չտեղափոխած վարորդներին աշխատանքից չեն ազատում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներում մայիսի 5-ին տեղ գտած հրապարակումն այն մասին, թե ընկերությունը որոշել է հաշվեհարդար տեսնել վարորդների հետ ու պարտադրել է սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից, բացարձակ ապատեղեկատվություն է:

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից նաև տեղեկացնում են, որ սեփական դիմումի համաձայն վերջին անգամ աշխատանքից վարորդ ազատվել է այս տարվա մարտի 26-ին:

«Հորդորում ենք ձեռնպահ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք` այսօր տեղեկություն էր հրապարակվել, որ Երևանում անցկացված ցույցերի ընթացքում վարորդները հրաժարվել են նստել ավտոբուսի ղեկի դիմաց և կատարել ոստիկաններին տեղափոխելու հրահանգը: Ըստ հրապարակումների` «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն էլ որոշել է հաշվեհարդար տեսնել ընդդիմադիր վարորդներից և նրանց պարտադրել է սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից: