Գյուղերը միանում են Նիկոլ Փաշինյանի «թավշյա հեղափոխությանը»

Համայնքապետարաններն ու ավագանու խորհուրդները Նիկոլ Փաշինյանին ուղարկում են իրենց աջակցությունն ապացուցող փաստաթղթերի պատճենները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է համայնքների ավագանիների ուղարկած փաստաթղթերի պատճենները։ Այդ փաստաթղթերում նշված է, որ Հայաստանի համայնքները միանում են «թավշյա հեղափոխությանը»։

Փաշինյանն իր էջում հրապարակել է Գանձաքար, Այրում, Սարիգյուղ, Նոյեմբերյան, Ախթալա, Ծովինար, Խաչաղբյուր համայնքներից ուղարկված փաստաթղթերը։

Խաչաղբյուր համայնքի ղեկավար Սերգո Գալստյանը հայտարարել է, որ գյուղը միանում է համաժողովրդական շարժմանը, իսկ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը պահանջում է ժողովրդի թեկնածուին ընտրել ՀՀ վարչապետ։

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել էին ապրիլի 13-ին, մարդիկ փողոց էին դուրս եկել` պահանջելով նախկին նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ապրիլի 23-ին Սարգսյանը հրաժարական տվեց։

Մայիսի 1-ից հետո, երբ խորհրդարանը ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին չընտրեց նոր վարչապետ, Փաշինյանը կոչ արեց համընդհանուր գործադուլ և դասադուլ անել։ Մայիսի 2-ին ընդդիմության կողմնակիցները փակեցին հիմնական ու երկրորդական ավտոճանապարհները, որից հետո իշխող կուսակցությունը որոշում կայացրեց աջակցել ժողովրդի թեկնածուին։