Սարգսյանը պատրաստ է կանգնել ոստիկանի և ցուցարարի միջև. ՀՀ նախագահը` Փաշինյանի մասին

ՀՀ նախագահը պատրաստ է կրկին միջնորդի դեր ստանձնել, եթե Հայաստանյան ներքաղաքական կյանքում ինչ-որ բան այնպես չընթանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Հայաստանյան վերջին իրադարձությունների ընթացքում ես արել եմ որոշ բաներ, որոնք նախագահից սովորաբար չեն սպասում։ Բրիտանական The Independent-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Փաշինյան–Սարգսյան զրույցը 20 րոպե տևեց. ինչի՞ մասին խոսեցին նրանք

ՀՀ նախագահը նշել է, որ ինքը գիտնական է ու շատ քիչ բան կարող էր կանխատեսել վերջին իրադարձությունների առումով։

«Մարդիկ մեքենաներ չեն։ Նրանք ավելի բարդ են»,- ասել է Սարգսյանը։

ՀՀ նախագահը խոսել է իր միջնորդական դերի մասին` ասելով, որ դա բավականին բարդ էր, բայց անհնար է իր աշխատանքը կատարել գրասենյակում նստած։

Սարգսյանը շեշտել է, որ Փաշինյանի և նրա գործընկերների կալանքը իրադարձությունների այն զարգացումը չէր, որը ինքն կարող էր ողջունել։ Հենց դրանից հետո նա հրավիրել է Սերժ Սարգսյանի և պաշտոնատար անձանց հետ հանդիպումը։

«Գաղտնի հանդիպումները մնում են գաղտնի, բայց արդյունքների մասին ինքներս կարող ենք դատել»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ի հանրահավաքի ժամանակ ՀայաստանինախագահըեկավՀանրապետության հրապարակ` ՆիկոլՓաշինյանիհետհանդիպման։

ՀՀ նախագահը նշել է նաև, որ պատրաստ է իր դերը կատարել, եթե կարիքը լինի։

«Ես պատրաստ եմ կրկին ներգրավվել, եթե ինչ-որ բան այնպես չընթանա, պատրաստ եմ կանգնել ոստիկանի և ցուցարարի միջև, եթե հարկ լինի»,- ասել է նա։

Սարգսյանի խոսքով` երկրի նոր ղեկավարությանը շատ խնդիրներ են սպասում։

«Պարոն Փաշինյանն իրեն դրսևորել է որպես տաղանդավոր քաղաքական գործիչ, բայց կառավարության ղեկավարումը բոլորովին այլ խնդիր է»,- ասել է նախագահը։

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել էին ապրիլի 13-ին, մարդիկ փողոց էին դուրս եկել` պահանջելով նախկին նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ապրիլի 23-ին Սարգսյանը հրաժարական տվեց։ Մայիսի 1-ից հետո, երբ խորհրդարանը ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին չընտրեց նոր վարչապետ, Փաշինյանը կոչ արեց համընդհանուր գործադուլ և դասադուլ անել։ Մայիսի 2-ին ընդդիմության կողմնակիցները փակեցին հիմնական ու երկրորդական ավտոճանապարհները, որից հետո իշխող կուսակցությունը որոշում կայացրեց աջակցել ժողովրդի թեկնածուին։