Հայ ըմբիշները ջախջախեցին մրցակիցներին. մեկնարկը հաղթական է

Վալտեր Մարգարյանն ու Վարուժան Կաջոյանը հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում այսօր մեկնարկել է Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը: Մրցումային օրը պայքարի մեջ մտան 57,65,70,79 և 97 կգ քաշային կարգի ըմբիշները: Հայաստանը այս մրցումներում ներկայացված է բոլոր՝ տասը քաշային կարգերում:

Հայ չեմպիոնները վերադարձան հայրենիք. երկրպագուները նրանց դիմավորեցին օդանավակայանում

Մեր ըմբիշներից առաջինը մրցագորգ դուրս եկավ 70կգ քաշային Վալտեր Մարգարյանը, որի առավելությունն ավստրիացի Մաքսիմիլիան Աուսերլեյտների նկատմամբ բացահայտ էր: Հայ ըմբիշը հաղթանակի հասավ 10:0 հաշվով: Քառորդ եզրափակիչում Վալտեր Մարգարյանի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող աշխարհի 2016 թվականի և Եվրոպայի 2014 թվականի չեմպիոն Մագոմեդ Կուրբանալիևն է:

Իր առաջին գոտեմարտում ժամանակից շուտ հաղթանակ տոնեց նաև Վարուժան Կաջոյանը, ով նույնպես 10:0 հաշվով, գոտեմարտի ավարտից երկուսուկես րոպե առաջ արձանագրեց իր առավելությունը ֆին Հենրի Ալեքսի Սելենիուսի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը ադրբեջանցի Ջաբրաիլ Հասանովն է: