ԱԺ–ն մերժեց ՀՀ նախագահի առաջարկած թեկնածուին

Էմիլ Բաբայանը Ազգային ժողովի քվեարկության արդյունքում չընտրվեց ՍԴ անդամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավոր չընտրեց Էմիլ Բաբայանին։ Ինչպես ԱԺ նիստում հայտարարեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը, փակ գաղտնի քվեարկությանը մասնակցեց 54 պատգամավոր, որոնցից 51-ը կողմ քվեարկեց, 3-ը` դեմ։

ՍԴ անդամի ընտրության համար օրենքով անհրաժեշտ էր ԱԺ պատգամավորների 3/5-րդի քվեն, այսինքն` 63 քվե:

Հիշեցնենք` «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները քվեարկությունից առաջ հայտարարել էին, որ չեն մասնակցելու ընտրությանը:

ՍԴ անդամի թափուր տեղի համար Էմիլ Բաբայանի թեկնածությունն առաջարկել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: