ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնում է, որ քննելով ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը, որոշել է նրան հեռացնել ՀՅԴ շարքերից: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մայիսի 1-ին խորհրդարանում վարչապետի ընտրության համար հրավիրված հատուկ նիստում հայտարարել էր, որ չի մասնակցելու վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրության քվեարկությանը: Վարդանյանն ընդգծել էր, որ ներկայացնում է կուսակցություն և խմբակցություն, որը կողմ քվեարկելու որոշում ունի, ուստի պատրաստ է վայր դնել մանդատը, եթե կուսակցությունն այդպես պահանջի:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը նույն օրը հայտարարություն տարածեց, որ Աղվան Վարդանյանի հնչեցրած տեսակետն անձնական որոշում է և չի համապատասխանում ՀՅԴ պաշտոնական դիրքորոշմանը:
Աղվան Վարդանյանից ՀՅԴ Գերագույն Մարմինը պահանջում է վայր դնել պատգամավորական մանդատը:
Վարդանյանը մայիսի 3-ին պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմում էր ներկայացրել Ազգային ժողով: