Հայաստանը ներկայացնող ըմբիշները զրկվեցին ոսկե ու արծաթե մեդալների պայքարից

Ազատ ոճայինները մրցումային առաջին օրն ավարտեցին պարտություններով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Կասպիյսկում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, հայ ըմբիշների հաղթանակից հետո, հետևեցին մեր մարզիկների պարտությունները: Միհրան Ջաբուրյանը, Վալտեր Մարգարյանը և Վարուժան Կաջոյանը իրենց երկրորդ գոտեմարտերում պարտվեցին, իսկ Վոլոդյա Ֆռանգուլյանն ու Գեորգի Կետոևը զիջեցին առաջին գոտեմարտում: Բայց մերոնք դեռևս պահպանում են բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունը:

Հայ չեմպիոնները վերադարձան հայրենիք. երկրպագուները նրանց դիմավորեցին օդանավակայանում

65 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Վոլոդյա Ֆռանգուլյանի մրցակիցն առաջին գոտեմարտում օլիմպիական խաղերի, աշխարհի 2015 թվականի և Եվրոպայի եռակի չեմպիոն վրացի Ալեքսանդր Խինչիգաշվիլին էր: Համառ պայքարում ընթացած գոտեմարտում 3:0 հաշվով հաղթանակի հասավ Խինչիգաշվիլին: Սակայն դա դեռևս չի նշանակում, որ Ֆռանգուլյանը չի կարող մեդալ նվաճել: Եթե Խինչիգաշվիլին հասնի եզրափակիչ, ապա հայ ըմբիշը հնարավորություն կստանա պայքարելու բրոնզե մեդալի համար:

70 կգ քաշային կարգում մեկնարկում տոնած հաղթանակից հետո Վալտեր Մարգարյանի դժվարին գոտեմարտ անցկացրեց Ռուսաստանը ներկայացնող` աշխարհի 2016 թվականի և Եվրոպայի 2014 թվականի չեմպիոն Մագոմեդ Կուրբանալիևի հետ: Հաջողությունը ուղեկցեց հայ ըմբիշի մրցակցին, և նա հաղթանակ տարավ 9:6 հաշվով:

Վարուժան Կաջոյանը 79 կգ քաշային կարգում կիսաեզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտեց ադրբեջանցի Ջաբրաիլ Հասանովի հետ: Այս գոտեմարտում ավելի ուժեղ գտնվեց ադրբեջանցին, որն էլ հաղթանակ տարավ 6:1 հաշվով: Քառորդ եզրափակիչում պարտություն կրեց նաև Միհրան Ջաբուրյանը: 57 կգ քաշային կարգում մեր ըմբիշը եզրափակիչ տանող ճանապարհը զիջեց Ադրբեջանը ներկայացնող, վրացի Գեորգի Էդիշերաշվիլիին:

97 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գեորգի Կետոևն իր առաջին գոտեմարտն անցկացրեց քառորդ եզրափակիչում, որտեղ նրա մրցակիցն էր ադրբեջանցի Նուրմոգամեդ Հաջիևը: Կետոևը պարտվեց 0:3 հաշվով:

Մայիսի 5-ին Եվրոպայի առաջնությունում մրցաշարը կսկսեն ևս հինգ քաշային կարգ ներկայացնող ըմբիշները:

Հայաստանի հավաքականի կազմում մրցագորգ դուրս կգան Գարիկ Բարսեղյանը (61կգ), Գրիգոր Գրիգորյանը (74կգ), Մարզպետ Գալստյանը (86կգ), Շամիր Աթյանը (82կգ) և Լևան Բերիանիձեն (125կգ):