ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն Ազգային ժողովում լրագրողներին ասաց, որ մայիսի 8-ին քվեարկելու է ժողովրդի թեկնածուի օգտին:
Ժողովրդական բողոքի ակցիաների օրերին քաղաքացիները շրջափակել էին Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների մուտքերը` կոչ անելով ՀՀԿ-ական օլիգարխների խանութներից առևտուր չանել։
Լուրեր կան, որ ի պատասխան այդ օրերին կրած վնասների, սեփականատերը որոշել է այդ օրերի դիմաց չվճարել աշխատակիցներին։ Սամվել Ալեքսանյանը հերքել է տարածված լուրերը` նշելով. «Նման բան չկա, կարող եք գնալ հարցնել»,- ասաց պատգամավորը։
Հիշեցնենք` մայիսի 1-ին ՀՀԿ-ն դեմ քվեարկեց Փաշինյանի թեկնածությանը, թեև նախապես հայտարարել էր, թե չի խոչընդոտելու ժողովրդի թեկնածուի ընտրությունը։
Մայիսի 8-ին նշանակված է ՀՀ վարչապետի երկրորդ ընտրությունը, որին թեկնածու առաջադրելու համար խորհրդարանական ուժերը պետք է ունենան պատգամավորների 1/3-ի`35 պատգամավորի աջակցությունը։ Ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա առնվազն 53 ձայն։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն երեկ հայտարարել է, որ ՀՀԿ-ն կքվեարկի ԱԺ 1/3-ի առաջադրած թեկնածուին, բայց չի հստակեցրել, թե ում մասին է խոսքը։