ՌԴ մեկնող հայաստանցիները պետք է խստորեն պահպանեն կանոնները

Ռուսաստանը անվտանգության հատուկ ռեժիմ է սահմանում մի շարք քաղաքներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի այն քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը։

Հատուկ ռեժիմ է սահմանվելու Վոլգոգրադ, Եկատերինբուրգ, Կազան, Կալինինգրադ, Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Դոնի Ռոստով, Սամարա, Սանկտ Պետերբուրգ, Սարանսկ, Սոչի քաղաքներում։

Հատուկ ռեժիմը ենթադրում է՝

  • oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում,
  • սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը,
  • նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:

Միգրացիոն ծառայությունը ՀՀ քաղաքացիներին խնդրում է պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները. անգամ փոքր իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ: