Հայաստանի պաշտոնյաներին կտուգանեն անօրինական քարոզչության համար

Պաշտոնյաներին թույլ կտան քարոզչություն իրականացնել սահմանափակումներով, իսկ զինվորականներին ու ոստիկաններին ընդհանրապես կարգելեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Հայաստանի պաշտոնյաներին կտուգանեն անօրինական նախընտրական քարոզչության համար։ Ընտրական օրենսգրքում և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվեց խորհրդարանում։

Մարուքյան. «Հիմա եթե խոսենք, «ձուկը ջրում» խոսակցություն կլինի»

Այսպես, պետական պաշտոնյաները, բժիշկները և ուսուցիչները, պետական ձեռնարկությունների աշխատակիցները (կամ 20 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ ձեռնարկությունների) կարող են քարոզչություն իրականացնել սահմանափակումներով։ Նրանց արգելված է քարոզչություն անել աշխատանքի ժամանակ և դրա համար օգտագործել վարչական ռեսուրսը։

Պետական և հասարակական գործիչներից քարոզչությունը թույլատրված է միայն խորհրդարանի պատգամավորներին և տեղական ինքնակառավարման մարմիններում ավագանու անդամներին։ Բայց նրանք չպետք է օգտագործեն ծառայական ռեսուրսները։

Խախտման համար սովորական քաղաքացիները կտուգանվեն 100-200 հազար դրամով, պաշտոնատար անձինք` 200-400 հազար դրամով։

Որոշ անձանց խմբին քարոզչությունը լիովին արգելված է։ Այս խմբում են զինվորականները, իրավապահները, դատավորները, բարեգործական, կրոնական, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, օտարերկրյա քաղաքացիները։ Այս դեպքում նախատեսվում է 200-400 հազար դրամ տուգանք սովորական քաղաքացիների համար և 400-800 հազար դրամ` պաշտոնյաների։