ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Անսալով բազմաթիվ նամակագիրների հորդորներին և պահանջներին` «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ամբողջական բժշկական հետազոտություն է անցել «Նաիրի» բժշկական կենտրոնում։
«Առողջական պրոբլեմներ չունեմ։ Միակ խնդիրը՝ կոկորդի բորբոքումն է, որն առաջացել է մրսածության պատճառով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը։
Նա շնորհակալություն է հայտնել բոլորին։
«Դուք որ չլինեիք, ես բժշկի գնացողը չէի՜»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել էին ապրիլի 13-ին, մարդիկ փողոց էին դուրս եկել` պահանջելով նախկին նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ապրիլի 23-ին Սարգսյանը հրաժարական տվեց։ Մայիսի 1-ից հետո, երբ խորհրդարանը ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին չընտրեց նոր վարչապետ, Փաշինյանը կոչ արեց համընդհանուր գործադուլ և դասադուլ անել։ Մայիսի 2-ին ընդդիմության կողմնակիցները փակեցին հիմնական ու երկրորդական ավտոճանապարհները, որից հետո իշխող կուսակցությունը որոշում կայացրեց աջակցել ժողովրդի թեկնածուին։