ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Հղի հայ կանայք արդեն գիտեն` ինչպես անվանել իրենց փոքրիկներին։ Եթե տղա ծնվի` Նիկոլ, եթե աղջիկ` Աննա։
Պատճառը շատ պարզ է` Հայաստանում շատերի համար «Նիկոլի դարաշրջանն» է սկսվել։ «Թավշյա հեղափոխության» առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հասարակության շրջանում մեծ հարգանք է վայելում։ Նրա կնոջ ու համախոհի անունը Աննա է։
Սոցիալական կայքերում կարելի է բազում քննարկումներ գտնել երեխաների անունների թեմայով։ Ահա մի պարզ օրինակ` Facebook-ի խմբերից մեկի օգտատեր Սերինե Պողոսյանը խնդրում է օգնել որդու համար անվան ընտրության հարցում։ Ապագա մայրը չգիտի` ինչ անուն ընտրի` Մարկոս, թե Միքայել։
«Նիկոլ»։ Այսպիսին էր գրառման տակ արված ամեն չորրորդ պատասխանը։ Մի կին նույնիսկ գրել էր. «Անկասկած, Նիկոլ։ Ում պատվին անվանես, նրան էլ նման կլինի, երբ մեծանա»։
Ի դեպ, քաղաքացիական ակտերի գրանցման վարչությունում 2017 թվականի տվյալներով տղաներին տրվող ամենատարածված անուններն են եղել Դավիթը, Արենը, Հովհաննեսը, իսկ աղջիկներին ավելի հաճախ անվանել են Անգելինա, Սոֆի, Աննա, Անժելա, Մանե, Մարիա։
Ինչ վերաբերում է այս տարվան` հունվար-մայիս ամիսներին տղաներին հիմնականում անվանել են Դավիթ, Նարեկ, Տիգրան, Հայկ, Մարկ։ Աղջիկների շրջանում ամենատարածված անուններն են` Նարե, Մարիա, Մարիամ, Էլեն։
Նիկոլ ու Աննա անունները թերևս կնախընտրեն ապագա ծնողները։
Ի դեպ, հայկական զբոսաշրջային գործակալություններից մեկը պատրաստ է անվճար ուղևորություն կազմակերպել Նիկոլ ու Աննա անուններով բոլոր մարդկանց համար։