Բանկի վրա հարձակման հետևանքով զոհվածները հետմահու պարգևատրվել են

Հանցագործին բռնելիս ոստիկանության ստորաբաժանումների օպերատիվ խմբերին աջակցած քաղաքացիներ Տիգրան Ալավերդյանն ու Հրաչյա Մեժլումյանը, նույնպես պարգևատրվել են «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Մայիսի 3-ին HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում կատարած անձին վնասազերծելիս զոհվեց Պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկան, ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը:

Ծառայողական պարտականությունները կատարելիս խիզախություն և անձնազոհություն ցուցաբերելու համար ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նա հետմահու պարգևատրվել է «Սխրագործության համար» մեդալով։

Փաշինյանը ցավակցել է HSBC բանկի վրա հարձակման հետևանքով մահացածների ընտանիքներին

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ավազակային հարձակման ժամանակ խիզախություն և անձնազոհություն ցուցաբերելու համար հետմահու պարգևատրվել է նաև «Արմոբիլ» անվտանգության ծառայության պահնորդ Խաչատուր Գալստյանը «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։

Ըստ հաղորդագրության` նույն մեդալով պարգևատրվել է «Արմոբիլ» անվտանգության ծառայության մյուս աշխատակից` պահնորդ Արամ Մկրտչյանը, ում վնասվածք էր պատճառել հանցագործը և որի կյանքը հաջողվեց փրկել։

Հանցագործին վնասազերծելու ժամանակ ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար Պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկան, ոստիկանության ավագ Վաղինակ Սարգսյանը ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով։

«Ոստիկանությունը կարևորում է հանցագործությունների կանխարգելման և բացահայտման գործում քաղաքացիների համագործակցությունը, ոստիկանության ծառայողներին ցուցաբերած աջակցությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ այդմ` հանցագործին բռնելիս ոստիկանության ստորաբաժանումների օպերատիվ խմբերին աջակցած քաղաքացիներ Տիգրան Ալավերդյանն ու Հրաչյա Մեժլումյանը ևս պարգևատրվել են «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։