Եվրոպայի խորհուրդը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին

Եվրոպայի խորհուրդն ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և իշխանություններին հորդորում է հետևել Սահմանադրությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և կարևորել խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝ Սահմանադրության և օրինականության շրջանակներում:

Նիկոլ Փաշինյանին ընտրելու 2–րդ «փուլ». ուժերի դասավորություն

Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումներին և վերահաստատել Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքներին:

Յագլանդն իր հերթին ընդգծել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում փորձագիտական օժանդակություն ցուցաբերելու օրենսդրական բարեփոխումներին:

Սարգսյանը հրավիրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին՝ իրեն հարմար ժամկետներում այցելել Հայաստան:

Ինչպես նշված է Եվրոպայի խորհրդի կայքում, գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանին սահմանադրական բարեփոխում անցկացնելու հարցում օգնություն ցուցաբերելուց հետո, ԵԽ-ն ուշադիր հետևում է նոր Սահմանադրության իրագործմանը։ Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է հետևել Մայր օրենքի դրույթներին։