Երևանում բախվել են ավտոբուսն ու մարդատար ավտոմեքենան. կան տուժածներ

Վթարը տեղի է ունեցել Շիրակի փողոցում, տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Մայիսի 3-ին, ժամը 21:24-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1978 թ.) ավտոմեքենան և թիվ 33 երթուղին սպասարկող «HIGER» մակնիշի (վարորդը՝ Ա. Չ.) ավտոբուսը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Ա.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վարորդը և ուղևոր Ա. Ե.-ն (1989թ.) հոսպիտալացվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները փակել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: