ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունները հնարավոր կլինի ինտենսիվ դարձնել միայն Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը կայունացնելուց հետո, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանն այսօր բարդ քաղաքական ժամանակաշրջան է ապրում։ Կարծում եմ` պետք է սպասել, որ քաղաքական ոլորտում իրավիճակը վերջնականապես կայունանա, հուսանք` ժողովուրդը, քաղաքական ուժերը, քաղաքական շարժումները սահմանադրական դաշտում կորոշեն ղեկավար մարմինների կազմը», — ասել է Զախարովան։
Դրանից հետո, նրա խոսքով, նաև արտաքին քաղաքական ուղուն անցնելու հնարավորություն կլինի, որտեղ խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի հարցն է։
Զախարովան վստահեցրել է` Ռուսաստանը շարունակելու է աջակցել կողմերին։
Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել էին ապրիլի 13-ին, մարդիկ փողոց էին դուրս եկել` պահանջելով նախկին նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ապրիլի 23-ին Սարգսյանը հրաժարական տվեց։
Մայիսի 1-ից հետո, երբ խորհրդարանն ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին չընտրեց նոր վարչապետ, Փաշինյանը կոչ արեց համընդհանուր գործադուլ և դասադուլ անել։ Մայիսի 2-ին ընդդիմության կողմնակիցները փակեցին հիմնական ու երկրորդական ավտոճանապարհները, որից հետո իշխող կուսակցությունը որոշում կայացրեց աջակցել ժողովրդի թեկնածուին։ Վարչապետի նոր ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 8-ին։