ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Լուսանկարիչ Վիգեն Մնոյանը եղել է Կոմիտասի պողոտայում տեղակայված HSBC բանկում, երբ երեկ կեսօրին տարածք է ներխուժել զինված տղամարդը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հարձակվողը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է։
Նրա խոսքով` Դանիելյանը մտել է տարածք, օդ է կրակել ու բոլորին ստիպել է պառկել։
«Այդ պահին եկավ բանկի կառավարիչը։ Նա փորձեց հանգստացնել հարձակվողին։ Ես մի քիչ հեռու էի, վատ էի տեսնում, թե ինչ է կատարվում։ Այդ ընթացքում կողոպտիչը գնում-գալիս էր», — Sputnik Արմենիային պատմեց Մնոյանը։
Վիգեն Մնոյանի խոսքով` Դանիելյանն անվտանգության աշխատակցից պահանջել է բացել չհրկիզվող պահարանը, հետո էլ կրակել էր նրա վրա։
«Աշխատակիցը գոռում էր, որ մարդիկ «Շտապօգնություն» կանչեն», — նշեց Մնոյանը։
Դա արդեն տեղի է ունեցել այն բանից հետո, երբ չարագործը վերցրել է փողերը և դուրս եկել բանկից։ Ականատեսը չի տեսել, թե հետո ինչ է եղել։
Հիշեցնենք, որ հանցագործությունը տեղի է ունեցել մայիսի 2-ին, ժամը 14։25-ին Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում։
Պարզվել է հանցագործի անձը, նա Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է։
Հարձակման հետևանքով սպանվել է անվտանգության աշխատակից Խաչատուր Գալստյանը, երկու հոգի վիրավորվել են։ Ավելի ուշ տուժածներից մեկը` Արա Շախգուլյանը, մահացել է հիվանդանոցում։