Սարգսյանն ու Փաշինյանը նույն ցանկում են. ո՞վ է ավելի շատ հետաքրքրում ռուսական մամուլին

Ռուսական լրատվամիջոցներում ամենից հաճախ հիշատակված անձանց ցանկում են Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Հայաստանի նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի անունները հայտնվել են ռուսական մամուլում ապրիլի ընթացքում ամենից շատ հիշատակված անձանց տասնյակում։ Այս տվյալները ներկայացնում է «Նորությունների համալիր վերլուծության համակարգը» (ՆՀՎՀ)։

Փաշինյանն ավելի շատ ձայն է հավաքել, քան անհրաժեշտ է առաջադրվելու համար

Սերժ Սարգսյանի անունն ապրիլի ընթացքում ռուսական ԶԼՄ-ներում հիշատակվել է 34 273 անգամ և զբաղեցրել 7-դ հորիզոնականը։ Իսկ Նիկոլ Փաշինյանի անունը հիշատակվել է 26 058 անգամ և հայտնվել 9-րդ հորիզոնականում։

Ռուսական մամուլի հետաքրքրվածությունը պայմանավորված է Հայաստանում վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններով։ Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել էին ապրիլի 13-ին, մարդիկ փողոց էին դուրս եկել` պահանջելով նախկին նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ապրիլի 23-ին Սարգսյանը հրաժարական տվեց։

Մայիսի 1-ից հետո, երբ խորհրդարանն ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին վարչապետ չընտրեց, Փաշինյանը կոչ արեց համընդհանուր գործադուլ և դասադուլ անել։ Մայիսի 2-ին ընդդիմության կողմնակիցները փակեցին հիմնական ու երկրորդական ավտոճանապարհները, որից հետո իշխող կուսակցությունը որոշեց աջակցել ժողովրդի թեկնածուին։

Նշենք, որ տասնյակը գլխավորում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը (192 451): Ցանկում են հայտնվել նաև Դոնալդ Թրամփը, Բաշար Ասադը, Դմիտրի Մեդվեդևը, Սերգեյ Սկրիպալը, Պյոտր Պորոշենկոն, Օլեգ Դերպասկան ու Սերգեյ Լավրովը։