ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռ չի ասում` վարչապետի ընտրության ժամանակ նրանցից ով է ընտրելու Նիկոլ Փաշինյանին։ Գաղտնիքը չբացահայտեց նաև խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։
Երեկ` մայիսի 2-ին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնել էր, որ խմբակցությունն իր թեկնածուին չի առաջադրելու և սատարելու է պատգամավորների մեկ երրորդի առաջադրած թեկնածուին։
Նշենք, որ Փաշինյանին սատարելու մասին հայտնել են նրա ղեկավարած «Ելք» խմբակցությունը, «Ծառուկյան» ու «Դաշնակցություն» խմբակցությունները։ Միասին նրանք 45 պատգամավոր ունեն, եթե հաշվի առնենք Փաշինյանին, որը չի կարող ինքն իրեն սատարել, և Աղվան Վարդանյանին, որը դեմ է Փաշինյանին։
Վարչապետ ընտրվելու համար նա պետք է 53 քվե ստանա։ Այսպիսով, ընտրվելու համար Փաշինյանին ութ ձայն է պետք ՀՀԿ-ից։
Սակայն կուսակցությունում դեռ չեն հայտնում` ովքեր են կողմ քվեարկելու։
«Մայիսի 8-ին վարչապետ կընտրվի։ Այս պահին այսքանը», — ասաց Մելիքյանը։
Հիշեցնենք` մայիսի 1-ին կայացած քվեարկության ժամանակ ՀՀԿ-ն դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։