ՌԱԴԻՈ

Հակոբյան. «Հստակեցվեց` ով է պատասխանատվություն կրելու ապագա վարչապետի ընտրվելու դեպքում»

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացրեց երկրում ստեղծված ներքաղաքական վիճակի հնարավոր զարգացումները։
Sputnik

Վիգեն Հակոբյան
Նրա կարծիքով Հանրապետական կուսակցության հայտարարությունը նշանակում է, որ եթե մոտակա չորս-հինգ օրվա ընթացքում ֆորսմաժորային իրադարձություններ չլինեն, նրանք չեն խոչընդոտի վարչապետի ընտրությանը, նաև միասնական կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին։

«Հիմա, երբ խոսքը խորհրդարանականների մեկ երրորդի առաջադրած թեկնածուի մասին է, Նիկոլ Փաշինյանը դառնում է այդ մեկ երրորդի կամ երեք խորհրդարանական խմբակցությունների թեկնածու, այսինքն` հստակեցվեց, թե ով է քաղաքական պատասխանատվություն կրելու ապագա վարչապետի ընտրվելու դեպքում»,- ասաց քաղտեխնոլոգը։

Ըստ նրա` առաջին ընտրության ժամանակ բավականին քողարկված այսպիսի միտք էր հնչում, որ քաղաքական պատասխանատվություն կրողն անհայտ է, այսինքն` Նիկոլ Փաշինյանը միայն աջակցողներ ուներ, իսկ նրանց հետ կոալիցիա չէր կազմել։

Այժմ հանրապետականներն իրենց հայտարարության մեջ առկա պահանջով ըստ էության փաստում են, որ Նիկոլ Փաշինյանը «Ծառուկյան» դաշինքի, ՀՅԴ-ի և «Ելքի» թեկածուն է։ Դրանով հանրապետականներն ակնարկում են, թե ով է այս պահի դրությամբ Փաշինյանի հենարանը և ով է պատասխանատու լինելու ապագայում այդ թեկնածուի համար։