ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Մայիսի 8-ին ՀՀԿ–ն աջակցելու է ԱԺ 1/3-ի առաջադրած թեկնածուին։ Հանրապետականի երեկ հայտնած տեսակետն այսօր, ԱԺ–ում, լրագրողների հետ զրույցում վերահաստատեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Վարչապետի ընտրությանը Հանրապետականն աջակցելու է։ Ինչ քանակով կաջակցի, ինչպես կաջակցի` չեմ կարծում, թե դա էական է։ Էականն այն է, որ 53 ձայնն ապահովվի, և 1/3-ի աջակցությունն ունեցող թեկնածուն դառնա վարչապետ»,– ասաց Շարմազանովը։
Ինչ վերաբերում է ՀՀԿ–ի` մայիսի 1-ի ընտրությանը, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դա զուտ քաղաքական որոշման արդյունք էր։ Իսկ հարցին, թե ի՞նչ փոխվեց 1 օրվա մեջ, Շարմազանովը պատասխանեց. «Ես չեմ կարծում, թե մայիսի 1-ին իրավիճակը շատ բարենպաստ էր, ժողովուրդ չկա՞ր փողոցում, պրեսսինգ չկա՞ր։ Ես մեծ տարբերություն մայիսի 1-ի ու մայիսի 2-ի միջև` ակցիաների առումով, չեմ տեսնում»։
Հիշեցնենք` մայիսի 1-ին ՀՀԿ–ն դեմ քվեարկեց Փաշինյանի թեկնածությանը, թեև նախապես հայտարարել էր, թե չի խոչընդոտելու ժողովրդի թեկնածուի ընտրությանը։
Մայիսի 8-ին նշանակված է ՀՀ վարչապետի երկրորդ ընտրությունը, որին թեկնածու առաջադրելու համար խորհրդարանական ուժերը պետք է ունենան պատգամավորների 1/3–ի` 35 պատգամավորի աջակցությունը։ Ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա առնվազն 53 ձայն։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մայիսի 2–ին հայտարարել էր, որ ՀՀԿ–ն կքվեարկի ԱԺ 1/3-ի առաջադրած թեկնածուին, բայց չի հստակեցրել, թե ում մասին է խոսքը։