ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Հայաստանն իր «բողոքային» պատմությունն ունի, և չի կարելի «թավշյա հեղափոխությունը» համեմատել Ուկրաինայի իրադարձությունների հետ։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց ՌՊՀՀ արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը։
Նրա խոսքով` Ռուսաստանում սովոր են հետխորհրդային երկրների զանգվածային բողոքի ակցիաները նմանեցնել մայդանին և ներկայացնել որպես ուկրաինական իրադարձությունների կրկնօրինակ։
«Սակայն Հայաստանն ունի բողոքների շարժման իր պատմությունը։ Կարելի է ասել, որ անկախ Հայաստանի պատմությունը սկսվել է 1988 թվականի շարժումից», — ասաց Մարկեդոնովը։
Նրա խոսքով` բավական է հիշել, որ Հայաստանում անցկացվող ամեն մի ընտրություն ուղեկցվում էր բողոքի ակցիաներով։ Միայն երկու ընտրություն են անցել առանց բողոքների` 1998-ի նախագահական և 1999 թվականի խորհրդարանական ընտրությունները։
Մարկեդոնովի կարծիքով` Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համար ակնհայտ նախապայմաններ կային, որոնց գումարվեց նաև այն, որ Սերժ Սարգսյանը խախտեց քաղաքականությունը լքելու իր խոստումը (նա առաջադրվեց ու ընտրվեց որպես վարչապետ)։
«Սակայն հայերն իրենց բողոքներում աշխարհաքաղաքական ուղղվածությունը փոխելու կոչ չեն անում», — նշեց Մարկեդոնովը։
Փորձագետն ընդգծեց նաև, որ սպասվող իշխանափոխության արդյունքում Նիկոլ Փաշինյանը չի կարող կառավարման ոլորտը «լցնել» «Մարսից բերած մարդկանցով»։ Նրա խոսքով` գոյություն ունեցող համակարգում լավ կառավարիչներ կան, և զրոյից փոփոխություններ անելու կարիք չի լինի։
«Սակայն հաշիվները մաքրելու համար կարող է ի հայտ գալ քաղաքական դաշտը մոնոպոլիզացնելու գայթակղությունը։ Եթե այդ գայթակղությունը հաղթահարվի, շատ լավ կլինի իշխանության, այդ թվում` հայ-ռուսական հարաբերությունների համար», — ասաց Մարկեդոնովը։
Նրա խոսքով` Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերութուններում որոշ հարցեր վերանայելու կոչը նորմալ է։ Եթե կառուցողական մոտեցումը պահպանվի, ապա միայն լավ կլինիՀիշեցնենք, որ Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել էին ապրիլի 13-ին, մարդիկ փողոց էին դուրս եկել` պահանջելով նախկին նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ապրիլի 23-ին Սարգսյանը հրաժարական տվեց։
Մայիսի 1-ից հետո, երբ խորհրդարանը ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ, Փաշինյանը կոչ արեց համընդհանուր գործադուլ և դասադուլ անել։ Մայիսի 2-ին ընդդիմության կողմնակիցները փակեցին հիմնական ու երկրորդական ավտոճանապարհները, որից հետո իշխող կուսակցությունը որոշեց ժողովրդի թեկնածուին։