Փաշինյանը հանդիպել է Հայաստանում աշխատող դեսպաններին

Ընդդիմության միասնական թեկնածուն հանդիպումների շարք է սկսել Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի, Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ։ Այս մասին Փաշինյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Դեսպաններին տեղյակ պահեցի ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին։ Նաև քննարկեցինք հարաբերությունների օրակարգին վերաբերվող այլ հարցեր»,- հայտնում է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպումներն այսքանով չեն ավարտվելու և կշարունակվեն։

Հիշեցնենք`Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի 3 խմբակցությունների կողմից մայիսի 8-ին կայանալիք ՀՀ վարչապետի ընտրություններին առաջադրվելու է որպես միասնական թեկնածու։

Մայիսի 1-ին կայացած ընտրություններում Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց ստանալ ԱԺ մեծամասնության ձայները։