27 ստորագրություն Փաշինյանին` «Ծառուկյանից»

«Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորից Փաշինյանի անվան տակ ստորագրել է 27-ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրելու նախաձեռնությանն այս պահին միացել է «Ծառուկյան» խմբակցության 27 պատգամավոր։ Այս մասին լրագրողներին հայտնեց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«31 պատգամավորից 27-ը ստորագրել են։ Կարծում եմ` դա բավարար է, ունենք բացակա պատգամավորներ, ովքեր արտերկրում են։ «Ելքի» ու ՀՅԴ պատգամավորների ստորագրությունների հետ, կարծում եմ` դա ավելի քան բավարար է»,– ասաց Զոհրաբյանը։

Շարմազանովը չգիտի, թե ՀՀԿ–ն ինչպես կաջակցի 1/3-ի թեկնածուին

Նաիրա Զոհրաբյանը հույս հայտնեց, որ ՀՀԿ–ն մայիսի 8-ին հերթական անակնկալը չի մատուցի։

Հիշեցնենք, մայիսի 1-ին, ՀՀ վարչապետի առաջին ընտրության օրը Նիկոլ Փաշինյանին կողմ էր քվեարկել «Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորներից 29-ը։ Իշխան Զաքարյանն ու Մելիք Մանուկյանը նիստից բացակայում էին։ Զաքարյանի բացակայության պատճառն անհայտ է, իսկ Մանուկյանը, Նաիրա Զոհրաբյանի տեղեկություններով, բուժման նպատակով գտնվում էր արտերկրում։ Ի դեպ, Մանուկյանի ներկայացրած գրավոր դիմումը` իր ձայնը հօգուտ Փաշինյանի հաշվելու վերաբերյալ, ԱԺ աշխատակազմը չէր ընդունել` պատճառաբանելով, որ նման իրավունք ունեն միայն ԱԺ–ի կողմից գործուղման մեջ գտնվող պատգամավորները։

Մայիսի 8-ին նշանակված է ՀՀ վարչապետի երկրորդ ընտրությունը, որին թեկնածու առաջադրելու համար խորհրդարանական ուժերը պետք է ունենան պատգամավորների 1/3–ի` 35 պատգամավորի աջակցությունը։ ՀՀԿ–ն հայտարարել է, որ աջակցելու է 1/3-ի առաջադրած թեկնածուին։