Պետության ու գյուղացու փողերը յուրացրած գյուղապետները կզրկվեն գույքից ու ազատությունից

Գյուղացուն հատկացված սերմացուի ու պարարտանյութի գումարները գրպանելու գործով 22 պաշտոնյա է ներգրավվել։ Հարյուրավոր միլիոնների գործը դեռ բացահայտված չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Գյուղացիներին պետական ծրագրերով հատկացված ու անհայտ ճակատագրի արժանացած վարկային միջոցների թեման շարունակում է մնալ իրավապահների ուշադրության կենտրոնում։

Երևանում HSBC բանկի վրա հարձակման ժամանակ վիրավորված ոստիկանը մահացավ

ՀՀ գլխավոր դատախազության հրապարակած տվյալներով` գյուղացիներին պետական միջոցներով տրամադրած սերմացուի ու պարարտանյութերի դիմաց պարտքը 2018թ. մայիսի 2-ի դրությամբ կազմում է 396.000.000 ՀՀ դրամ:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցված քրեական գործի արդյունքում պարզվել է, որ պարարտանյութեր ու սերմացուներ ստացած գյուղացիները բազմաթիվ դեպքերում նույնիսկ տեղյակ չեն եղել այդ ծրագրերից։ Որոշ դեպքերում էլ գյուղացիներն իրականում ստացած սերմացուի ու պարարտանյութի դիմաց վճարել են, բայց գյուղապետները դրանք բյուջե չեն մուտքագրել, այլ կեղծ տեղեկատվություն են ներկայացրել, թե իբր գյուղացին վճարում չի կատարել։

Դատախազության տվյալներով` հարուցված քրեական գործերով այս պահին արդեն ձերբակալվել են 4 պաշտոնյա, քրեական հետապնդում է հարուցվել 18 պաշտոնյայի նկատմամբ, որոնց գույքի վրա արգելանք է դրվել՝ պատճառված վնասը լիարժեք վերականգնելու նպատակով: