Գյումրիում հանգիստ զբոսնող, բոլորի հետ խանութում հերթ կանգնող մարզպետը լքեց իր աթոռը

Շիրակի արդեն նախկին մարզպետ Արթուր Խաչատրանը մայիսի 3-ին հրաժեշտի ասուլիսի ժամանակ ներկայացրեց կարճ, բայց արդյունավետ 11 ամիսների աշխատանքի արդյունքները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Շիրակի արդեն նախկին մարզպետը պարզ ճակատով է լքել պաշտոնը՝ ապացուցելով, որ իր առաջին ասուլիսի ժամանակ լրագրողներին տված` «Շիրակ եմ գալիս ոչ արտագնա աշխատանքի» խոստումը կատարել է: Այս մասին Արթուր Խաչատրյանը հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Այսօր ես վայր եմ դնում ՀՀ Շիրակի մարզպետի պարտականությունները: Պարտականություններ, որ իրականացրել եմ` առաջնորդվելով բարոյականության, հանրային շահի գերակայության ու արհեստավարժության իմ սկզբունքներին ու պատկերացումներին համապատասխան»,- ասաց նախկին մարզպետը:

Դաշնակցական նախարարներն ու մարզպետները հրաժարական ներկայացրին

Նա ասաց, թե երբ մարզպետ է նշանակվել` հայտարարել է, որ Շիրակի մարզ «խոպան» չի եկել, այլ նպատակ ունի համատեղ աշխատանքով մարզի անունից ջնջել «աղետի գոտի» պիտակը, փոխել մարդկանց հոռետեսական տրամադրությունը, ստեղծել աշխատատեղեր ու կանխել արտագաղթը:

«Երկարաժամկետ բազմաթիվ ծրագրեր ու խնդիրներ կային, որոնք հարկավոր էր լուծել: Ինչ- որ բան հաջողվեց, ինչ —որ բան` չհասցրեցինք»,-հավելեց նա:

Անմիջականությունն ու հավասարը հավասարի հետ լինելու մարզպետի վերաբերմունքը ստիպեց շիրակցուն սրտաբաց ընդունել ոչ շիրակցի մարզպետին, ավելին, ափսոսալ նրա հրաժարականի համար:

«Ես մի քանի օրից կվերադառնամ Երևան` հոգումս և մտքումս ընդմիշտ պահելով հարազատ դարձած Շիրակը: Ուզում եմ, որ ինձ հիշեն որպես Գյումրիում հանգիստ զբոսնող, բոլորի հետ խանութի դրամարկղի մոտ հերթ կանգնող ու երիտասարդ ցուցարարների հետ մարզպետարանի աստիճաններին զրուցող պարզ մարդու»,- նման ցանկություն հայտնեց Արթուր Խաչատրյանը:

Նշենք, որ հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակով պայմանավորված` ապրիլի 26-ին ՀՅԴ ներկայացուցիչ 2 մարզպետ ու 3 նախարար հրաժարականի դիմում էին ներկայացրել: Նախարարների հրաժարականը ավելի վաղ ընդունել էր ՀՀ նախագահն, իսկ մազպետներինն ավելի ուշ է հաստատվել` մայիսի 3-ին, ՀՀ կառավարության որոշմամբ: