ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվության մասին հայտարարություն է տարածել ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են հերթական ապատեղեկատվություն, ըստ որի հայկական ուժերն անցած գիշեր գնդակոծել են Աղդամի շրջանի Ջամանլը ճակատամերձ գյուղի մոտակայքում վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնող խաղաղ քաղաքացիների ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է տեղում աշխատող տեխնիկան:
ԱՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի կողմից սադրիչ նպատակներ հետապնդող վերոնշյալ տեղեկությունը ու մեկ անգամ ևս հիշեցնում, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները երբևէ չեն թիրախավորել և չեն թիրախավորելու քաղաքացիական բնակչությանը:
Ինչպես միշտ, Արցախի զինված ուժերը շարունակում է հավատարիմ մնալ շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմի պահպանմանը և երբեք հանդես չի գալիս նախահարձակի դերում»: