ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդական շարժման, Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստանի», «Ելք» դաշինքի և ՀՅԴ ջանքերը։
Այս մասին ասված է նախագահի այսօրվա ուղերձում։ Սարգսյանը հույս է հայտնում, որ ընթացող քննարկումները բխում են Հայաստանի ու ժողովրդի գերակա շահերից և դուռ են բացում ազգային համերաշխության համար:
«Սրանով մեր ժողովուրդը կրկին անգամ ցույց տվեց, որ ճակատագրական պահին ունակ է համախմբվելու և ազգանպաստ որոշումներ կայացնելու»,- ասված է ուղերձում:
Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ մայիսի 8-ին կամրագրվեն հանուն բարեփոխումների համազգային շարժման ձեռքբերումները, որի մեջ իրենց մասն ունեն բոլորը՝ քաղաքական ուժերից մինչև հայ ժողովրդի բոլոր հատվածները` Հայաստանում, Արցախում, Սփյուռքում: ՀՀ նախագահը վստահ է, որ ընթացող գործընթացները կբարձրացնեն Հայաստանի հեղինակությունն ու վարկն աշխարհում:
«Այս ամենի մեջ ուզում եմ հատկապես բարձր գնահատել մեր պայծառ երիտասարդության ներգրավվածությունը և վճռորոշ դերը: Երիտասարդություն, որն իր ստեղծարար եռանդով, նպատակասլացությամբ եւ հանդուրժողականությամբ այս բախտորոշ օրերին ամենուր սփռում էր լույս, համերաշխություն, սեր և հավատ։ Հպարտ եմ մեր ժողովրդով՝ Հայաստանի հպարտ քաղաքացիներով, մեր միասնականությամբ և համերաշխությամբ»,- նշել է նախագահը:
Սարգսյանը հավատացած է ու տեսնում է, որ Հայաստանն արդեն սկսել է կերտել նոր Հայաստան, որը դեպի իրեն է քաշելու մեր ժողովրդի բոլոր զավակներին, իր մեջ կուտակելու և իրացնելու է նրանց տաղանդը, ձեռներեցությունն ու եռանդը: