ԱՄՆ–ն ու Իրանը սպառնալիքներ են փոխանակում. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը վտանգ է տեսնում

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը կարևոր դիվանագիտական հաղթանակ էր և այն պետք է պահպանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կարծում է, որ չի կարելի հրաժարվել Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից, քանի դեռ այլընտրանք չկա։ Այս մասին նա հայտնել է Բի-բի-սի-ին տված հարցազրույցում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իրանի համաձայնագիրը «կարևոր դիվանագիտական հաղթանակ» է անվանել և կարծում է, որ այն պետք է պահպանել։

Տարածաշրջանը նոր պատերազմի սպառնալիքի տակ է. իրանագետ

Գուտերեշն անդրադարձել է նաև Վաշինգտոնի ` գործարքից դուրս գալու սպառնալիքին ու Թեհրանի պատասխան արձագանքին և ասել, որ վտանգավոր ժամանակներ են գալիս։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմաթիվ անգամ քննադատել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որն ընդունվել է 2015 թվականին։

Ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ մտադիր է երկիրը դուրս բերել համաձայնագրից։

Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բաիդինեժադը նախօրեին CNN-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ եթե ԱՄՆ-ն դուրս գա միջուկային գործարքից, ապա Իրանը ևս կդադարեցնի իր մասնակցությունը։

Իրանի իշխանություններն արդեն տարբերակներ են դիտարկում։

Իրանցի դիվանագետը հավանական սցենար է անվանել ուրանի հարստացումն ու ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության վերաիմաստավորումը։

2015 թվականին Իրանն ու «վեցնյակի» երկրները (ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանն ու Ռուսաստանը) համաձայնության եկան իրանական միջուկային ծրագրի շուրջ` Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու դիմաց։ Փաստաթղթի համաձայն` Իրանը պարտավորվել էր ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին թույլ տալ մտնել իր միջուկային օբյեկտներ, իսկ Արևմուտքի երկրներն իրենց հերթին համաձայնվել են հետզհետե վերացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները։