Էրդողանը խստացնում է հսկողությունը․ ոստիկանությունը կալանավորումներ է իրականացնում

Թուրքիայի իրավապահ մարմինները ողջ երկրում ստուգումներ են անցկացրել ու տասնյակ քաղաքացիների են ձերբակալել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Այսօր Թուրքիայի ոստիկանությունը Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալել է առնվազն 60 մարդու։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

Ոստիկանական ստուգումներ էին անցկացվում միաժամանակ Թուրքիայի ութ շրջաններում։

Էրդողանը կտրուկ պատասխան է տվել Լավրովին. «Երբ ժամանակը գա, կվերադարձնենք Աֆրինը»

Թուրքիայի մայրաքաղաքում ոստիկանությունը կալանավորել է 4 կասկածյալի այն բանից հետո, երբ Անկարայի ու Իզմիրի դատախազները 10 քաղաքացու կալանավորման հրամանագիր են տվել։

Բուրսա շրջանում իրավապահ մարմինները կալանավորել են 27 քաղաքացու, որոնք ոստիկանական դեպարտամենտի նախկին աշխատակիցներ էին։

Եվս երկուսը կալանավորվել են Աքսարայ կենտրոնական շրջանում։

Աստվածաբան Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը (FETO) Թուրքիայում ահաբեկչական է համարվում։ Ինքը՝ Գյուլենը, Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր ընդդիմադիրն է։ Իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում ապրող քարոզիչին 2016 թվականի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին մասնակից լինելու մեջ։

Այս պահին Թուրքիայում ներքաղաքական վիճակը լարված է։ Երկիրը պատրաստվում է արտահերթ նախագահական ընտրություններին, որոնք կկայանան հունիսի 24-ին։ Նախատեսվում է, որ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրորդ անգամ կընտրվի երկրի նախագահ։

2017 թվականի ապրիլին երկրում տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվե, որը զգալիորեն ընդլայնեց նախագահի լիազորությունները։ Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն նախագահական ընտրություններից հետո։