Գավառում երիտասարդ տղաների են դանակահարել

Դպրոցի հետնամասում ծագած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Գավառ քաղաքում 19 և 20 տարեկան տղաներ են դանակահարվել։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Այսօր, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել Գավառ քաղաքի բնակիչներ, 1999 թ. ծնված Դավիթ Ղ.-ն և 1998 թ ծնված Տարոն Հ.-ն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 14-ի սահմաններում, Գավառի թիվ 9 դպրոցի հետնամասում, վիճաբանության ընթացքում, անհայտ անձը դանակով հարվածել է վերջիններիս` պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանության ծառայողները ճշտել են հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը: Ձեռնարկվում են որոնողական աշխատանքներ նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: